ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մնաց 9 օր

Մնաց 9 օր
24.03.2017 | 00:58

Նախընտրական քարոզարշավը դանթելով առաջ է գնում: Նոր միտումներ, նոր դասավորություններ այդպես էլ չառաջացան. խորհրդարան մտնելու ներուժ ունեցող ֆավորիտ ուժերը գրեթե նույնն են, կրեատիվի պակասն այս շաբաթվա ընթացքում նույնպես զգալի էր:


Շատերը հույս ունեին, որ Ազատության հրապարակում «Հաց բերողի» համար նստացույցից կայծ կժայթքի` երկար սպասված, Ջրառատի դեպքերով առանձնապես չոգևորված կրիտիկական զանգվածի մոտ` լավ թրենինգ անցած երիտասարդների ջանքերով, որոնք խաղում էին գունավոր և հիբրիդային հեղափոխությունների բոլոր կանոններով, բայց սխալ թիրախավորմամբ (ի դեմս Եռաբլուրի): Այդ իսկ պատճառով երիտասարդների հետևում կանգնած մոդերատորները չկարողացան իրականացնել իրենց պլան «բ»-ն` Ջրառատից հետո, իսկ թե կա՞ նաև պլան «գ» և երբ այն «կգործարկվի», այս պահին դժվար է ասելը, բայց որ որոշ քաղաքական ուժեր մեծ սպասումներ ունեն հետընտրական զարգացումներից, նույնպես աներկբա է:
Հետընտրական զարգացումների սպասումներին զուգընթաց կա ևս մեկ սպասում` հնարավոր կոալիցիաներն ինչ «բաղադրությամբ» կլինեն: Հասկանալի է` ամենասպասելին ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան է: Փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է այդ կոնգլոմերատին միակցվի նաև «Հայկական վերածնունդը», որը, ճիշտ է, բարձրաձայնում է, թե միայն ռեալ իշխանության դեպքում որևէ մեկի հետ կմիանա, բայց չբացառենք նաև այդ տարբերակը:


Հաջորդը, այսպես ասած, ԲՀԿ-ական «սպասումն» է: Անկեղծ լինենք, «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը շատ գրագետ չէ, ինչպես ՀՀԿ-ինն ու Կարեն Կարապետյանինը… Ձգենք նաև պաուզան` ասելու, որ անչափ հետաքրքիր «օրինաչափությամբ», ընդ որում՝ նաև անչափ նրբագեղ (շատ հմուտ աչքը կարող է զգալ դա) նույն Կարեն Կարապետյանից ՀՀԿ «մտքի գիգանտները» և «ժողովրդավարության հայրերը» ստեղծել են կարմիր կամ բեժ կուրտկայով մի մաչո, որը Ծառուկյանի չափ անմիջական, անկեղծ, կրեատիվ շփման մեջ է ժողովրդի հետ, որը, եթե ոչ վերարկուից, ապա ուսը ուսին կանգնելու, եթե ոչ թագավորաբար, ապա մաչոյաբար զրուցելու կերպար-էտալոնին է համապատասխանում, որպեսզի հակակշռեն Ծառուկյանի` այդ «գետնին» վրա ունեցած բնատուր տաղանդին: ՈՒ թե շատ կարճ, ապա նախընտրական այս երկու ֆավորիտ ուժերն էլ իրենց հիմնական խաղը կառուցել են ժողովրդի ենթագիտակցության, նրան «մոտ կանգնած» մարդու գործոնի վրա:
Վերադառնալով «Ծառուկյան» դաշինքի «սպասումին», արձանագրենք. թե՛ դաշինքում, թե՛ «նրա շուրջ և հետևում» եղողները աներկբայորեն համոզված են՝ քվեատուփերը բացելուց հետո պարզվելու է, որ հենց «Ծառուկյան» դաշինքն է հաղթել ընտրություններում, և նա է մեծամասնությունը: Չանդրադառնանք` իրատեսակա՞ն է դա, թե՞ ոչ իրատեսական: Եվ այնուհանդերձ, այս «դեպքի» համար ևս կոալիցիոն սցենարներ են կառուցվում: Դա է պատճառը, որ որոշ ուժեր արդեն իսկ հայտարարում են, թե իրենք կոալիցիա կկազմեն բոլորի, բայց ոչ երբեք ՀՀԿ-ի հետ: Ասել է` դեմ չեն ԲՀԿ-ի հետ «կազմելուն»: Սոցհարցումներից ելնելով էլ պետք է կարծել, որ հիպոթետիկ այդ կոալիցիան պետք է բաղկացած լինի «Ելքից» և կրկին ու կրկին «Հայկական վերածննդից»:
Հնարավո՞ր է նման հիդրայի «ծնունդ» խորհրդարանական կառավարմամբ Հայաստանում: Երբե՛ք: Ոչ այն պատճառով, թե ինչպես են այս պահին «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը խժռում միմյանց (տե՛ս Նաիրա Զոհրաբյան-Արամ Սարգսյան բանակռիվը), կամ ինչպես են ՀՎԿ-ին անվերջ «սպանում» նույն «Ծառուկյան» դաշինքում:


Եվ ոչ էլ այն պատճառով, որ գաղափարական տարբեր հարթություններ են «առերեսվում» այս դեպքում, էլ չենք ասում` քաղաքական-մարդաբանական-մտածողության տեսակաբանության «ալքիմիան»: Այլ որ «Ծառուկյան» դաշինքն իր տեսակաբանությամբ շատ ավելի մոտ է ՀՀԿ-ին, քան մնացածին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ